PRP թերապիա

Ի՞նչ է իրենից ներկայացնում PRP-ն:

PRP-ն (Pletlet rich plasma) արյան պլազմայի թրոմբոցիտներով հարուստ զանգված է, իսկ թրոմբոցիտները մասնակցում են ամբողջ օրգանիզմի վերաձևավորման, վերականգնողական աշխատանքներին: Առաջին անգամ այն կիռառվել է կարդիովիրաբույժների կողմից՝ մոտ 20 տարի առաջ, որպես այլընտրանքային բուժման եղանակ՝ դանդաղ կամ ուշ լավացող վերքերի համար:

Օրթոպեդիայում և վնասվածքաբանության մեջ PRP-ն կիրառում են որպես կապանների և մկանների պատռվածքների, դանդաղ սերտաճող կոտրվածքների, ջլաբորբերի, օստեոարթրոզների այլընտրանքային բուժման եղանակ:

Վերը նշված ախտաբանական երևույթներում PRP-ի օգտագործումը 2-7 անգամ կրճատում է բուժման տևողությունը:

PRP-ի ստացման եղանակը բավականին պարզ է, մասնագիտացված կենտրոնում հիվանդի երակից վերցվում է 50 մլ արյուն, այնուհետև լաբորատոր պայմաններում անջատվում է արյան այն հատվածը, որը հատկապես հագեցած է թրոմբոցիտներով: PRP-ի ստացման ամբողջ ընթացքը տևում է 25 րոպե: Անհրաժեշտ է կատարել ներարկում մեկ ժամվա ընթացքում, ինչքան ուշանում է ներարկումը, այնքան նվազում է թերապևտիկ ազդեցությունը:

PRP-ն կարելի է օգտագործել այն հիվանդների մոտ, ովքեր ունեն՝

  1. մկանի վնասվածք,
  2. ջլի վնասվածք,
  3. ջլաբորբ,
  4. բուրսիտ,
  5. դանդաղ սերտաճող կոտրվածք,
  6. արթրոզ:

PRP-ն չի հանդիսանում դեղամիջոց, և այնուամենայնիվ հնարավոր է առաջանան բարդություններ, ինչպես բոլոր տեսակի ներարկումների ժամանակ՝

  1. ցավ, ներարկման ժամանակ,
  2. ինֆեկցիոն բարդություններ,
  3. ալերգիա,
  4. դրական ազդեցության բացակայություն: