Ի՞նչ է իրենից ներկայացնում PRP-ն:
PRP-ն (Pletlet rich plasma) արյան պլազմայի թրոմբոցիտներով հարուստ զանգված է, իսկ թրոմբոցիտները մասնակցում են ամբողջ օրգանիզմի վերաձևավորման, վերականգնողական աշխատանքներին: Առաջին անգամ այն կիռառվել է կարդիովիրաբույժների կողմից՝ մոտ 20 տարի առաջ, որպես այլընտրանքային բուժման եղանակ՝ դանդաղ կամ ուշ լավացող վերքերի համար:
Օրթոպեդիայում և վնասվածքաբանության մեջ PRP-ն կիրառում են որպես կապանների և մկանների պատռվածքների, դանդաղ սերտաճող կոտրվածքների, ջլաբորբերի, օստեոարթրոզների այլընտրանքային բուժման եղանակ:
Վերը նշված ախտաբանական երևույթներում PRP-ի օգտագործումը 2-7 անգամ կրճատում է բուժման տևողությունը:
PRP-ի ստացման եղանակը բավականին պարզ է, մասնագիտացված կենտրոնում հիվանդի երակից վերցվում է 50 մլ արյուն, այնուհետև լաբորատոր պայմաններում անջատվում է արյան այն հատվածը, որը հատկապես հագեցած է թրոմբոցիտներով: PRP-ի ստացման ամբողջ ընթացքը տևում է 25 րոպե: Անհրաժեշտ է կատարել ներարկում մեկ ժամվա ընթացքում, ինչքան ուշանում է ներարկումը, այնքան նվազում է թերապևտիկ ազդեցությունը:
PRP-ն կարելի է օգտագործել այն հիվանդների մոտ, ովքեր ունեն՝
- մկանի վնասվածք,
- ջլի վնասվածք,
- ջլաբորբ,
- բուրսիտ,
- դանդաղ սերտաճող կոտրվածք,
- արթրոզ:
PRP-ն չի հանդիսանում դեղամիջոց, և այնուամենայնիվ հնարավոր է առաջանան բարդություններ, ինչպես բոլոր տեսակի ներարկումների ժամանակ՝
- ցավ, ներարկման ժամանակ,
- ինֆեկցիոն բարդություններ,
- ալերգիա,
- դրական ազդեցության բացակայություն: